ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Նենսի Փելոսիի այցը Թայվան և ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել իրենց ներքին գործերին

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Նենսի Փելոսիի այցը Թայվան և ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել իրենց ներքին գործերին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցին:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Փելոսիի այցը Թայվան միասնական Չինաստանի սկզբունքի և չինա-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկեների դրույթների կոպիտ խախտում է, ինչպես նաև խարխլում է չինա-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը: Չինաստանում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Թայվան որակել են որպես ոտնձգություն  Չինաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը վնասելու է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը:
 
Հայտարարության մեջ նշվում է, որ չինական կողմը դատապարտում է այդ այցը և այդ առնչությամբ իր բողոքն է արտահայտել ամերիկյան կողմին:
 
Ըստ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ ԱՄՆ-ի Կոնգրեսը՝ որպես այդ երկրի իշխանության մաս, պետք է դադարեցնի բոլոր պաշտոնական շփումները Թայբեյի հետ: Չինաստանում քաղաքական սադրանք են որակել Նենսի Փելոսիի այցը Թայվան, որի նպատակն է Վաշինգտոնի և Թայբեյի միջև պաշտոնական շփումների մակարդակը բարձրացնելը, ինչն անընդունելի է չինական կողմի համար:
 
Նշվում է, որ Վաշինգտոնը Թայվանը դիտարկում է որպես Չինաստանին զսպելու միջոց, ինչը որակվել է որպես «արկածախնդրություն, որը չափազանց վտանգավոր է»:
 
«Որպես խոշոր գերտերություններ՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները պետք է հենվեն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, հակամարտությունից խուսափելու և փոխադարձ շահավետ փոխգործակցության վրա: Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, ինչի մասին որևէ այլ երկիր դատելու իրավունք չունի»,- ասված է հայտարարության մեջ:
 
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չխաղարկել «թայվանական խաղաքարտը», դադարել թայվանական գործերին խառնվելը, քանի որ դա բացառապես Չինաստանի ներքին հարցն է:  

  • Կիսվել: