ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Քաթարի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը՝ ՑԱԽԱԼ-ը, և Շին Բետ հետախուզական ծառայությունը հայտարարել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությանը, տեղեկացնում է Times of Israel-ը։
Հայտարարության մեջ ուղղակիորեն չի հիշատակվում Քաթարը, սակայն այն հայտնվել է Դոհայում խոշոր պայթյունների մասին հաղորդագրություններից հետո, որտեղ բնակվում Է ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարությունը:
«Թիրախային խմբի ղեկավար անդամները տարիներ շարունակ ղեկավարել են ահաբեկչական կազմակերպության գործունեությունը և անմիջական պատասխանատվություն են կրում հոկտեմբերի 7-ի կոտորածի և Իսրայելի պետության դեմ պատերազմի համար», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «քայլեր է ձեռնարկել հարվածից քաղաքացիական անձանց վնասը նվազեցնելու համար», այդ թվում՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի և այլ հետախուզական տվյալների օգտագործման միջոցով։
Իր հերթին Քաթարի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Դոհայում բնակելի շենքերի վրա Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարձակումները՝ նշելով, որ «իսրայելական վախկոտ հարձակումը բոլոր միջազգային օրենքների կոպիտ խախտում է»։
«Ալ Արաբիա» հեռուստաալիքն էլ հայտնել է, որ ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հայան սպանվել է Դոհայում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով։
Ենթադրվում է, որ հարվածի վայրում են եղել նաև ՀԱՄԱՍ-ի այլ առաջնորդներ՝ Խալիդ Մաշալը, Մոհամմեդ Դարվիշը, Ռազի Համադը և Իզզեթ ալ-Ռիշկինը։
Ավելի ուշ Իսրայելը հաղորդել է, որ իրականացնում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների «վերացման գործողություն»։



