ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածում հարվածել է ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքներին հարվածելու մասին:;
ՑԱԽԱԼ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Վերջին ժամերի ընթացքում, ի պատասխան երեկվա հրադադարի համաձայնության խախտման, որի ժամանակ թիրախավորվել էին ՑԱԽԱԼ-ի զինվորները, ՑԱԽԱԼ-ը գրոհել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները»։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև ընդգծել է, որ հարվածի թիրախ են դարձել ենթակառուցվածքները, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում է զինամթերքի արտադրության և պահեստավորման համար։
«Հարվածները հասցվել են միջազգային իրավունքին համապատասխան և միայն այն բանից հետո, երբ հստակեցվել է, որ թիրախավորված ենթակառուցվածքների մոտակայքում չկան քաղաքացիական անձինք»,-ասված է հաղորդագրության մեջ:


