Բուշերի ԱԷԿ-ին հարվածը կկործանի կյանքը ոչ թե Թեհրանում, այլ Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում. ԻԻՀ ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է «Բուշեր» ատոմակայանի վրա հերթական հարձակումը:
X-ի իր էջում նա, մասնավորապես, նշել է. «Հիշում եք Արևմուտքի վրդովմունքը Ուկրաինայի Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ռազմական գործողությունների կապակցությամբ։ Իսրայելն ու ԱՄՆ-ը արդեն չորս անգամ հարվածել են Բուշերի մեր ատոմակայանին։ Ռադիոակտիվ տեղումները կկործանեն կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում։ Մեր նավթաքիմիական օբյեկտների վրա հարձակումները նաև հստակ ցույց են տալիս դրանց իրական նպատակները»:
Նշենք, որ ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի «Բուշեր» ատոմակայանի տարածքում հերթական հարվածից հետո ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրել։ Գործակալությունից հայտարարել են, որ ԱԷԿ-ի և հարակից տարածքների վրա հարձակումներն անթույլատրելի են:



