Բողքի բազմահազարանոց ցույցերից հետո Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Հնդկաստանում մի քանի շաբաթ շարունակվող լայնածավալ ուսանողական բողոքի ակցիաներից հետո երկրի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել, տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Պրադհանը հայտարարել է, որ որոշել է հեռանալ պաշտոնից, որպեսզի «հակապետական ուժերը չկարողանան ստեղծված իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար»։
«Խորին հարգանքով եմ վերաբերվում այս երկրի երիտասարդության ձգտումներին, զգացմունքներին և օրինական սպասումներին։ Հնդկաստանի երիտասարդ սերնդի երազանքների իրականացումը մեր քաղաքական և հասարակական կյանքի բարոյական սկզբունքներից մեկն է»,-նշել է նա։
Ըստ The Guardian-ի՝ Հնդկաստանում արդեն մի քանի շաբաթ շարունակվում են երիտասարդների բողոքի ցույցերը, որոնք սկսվել են ազգային բժշկական ընդունելության NEET (National Eligibility cum Entrance Test) քննության շուրջ ստեղծված իրավիճակից հետո։ Այս քննությունը բժշկական բուհեր ընդունվելու հիմնական միասնական թեստն է, և միլիոնավոր դիմորդների համար այն բարձրագույն կրթություն ստանալու ու սոցիալական առաջընթացի հնարավորություն է։ Մայիսի 3-ին քննությանը մասնակցել է ավելի քան երկու միլիոն դիմորդ։ Մի քանի օր անց հայտնի է դարձել, որ քննության առաջադրանքները նախապես արտահոսել են։
Իշխանությունները որոշել են չեղարկել արդյունքները և քննությունը կազմակերպել կրկին, ինչը դժգոհություն է առաջացրել ինչպես դիմորդների, այնպես էլ նրանց ծնողների շրջանում։ Լարվածության ֆոնին «Ուտիճների կուսակցություն» անվանումով շարժումը կոչ է արել իր աջակիցներին բողոքի երթ կազմակերպել դեպի Հնդկաստանի խորհրդարան։ Հուլիսի 20-ին անցկացված ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։



