Բնական երևույթի՝ Էլ Նինյոյի հետևանքով առաջացած ուժեղ շոգը կարող է առաջիկա ամիսներին խլել ավելի քան 451,000 մարդու կյանք
Բնական երևույթի՝ Էլ Նինյոյի հետևանքով առաջացած ուժեղ շոգը կարող է առաջիկա ամիսներին խլել ավելի քան 451,000 մարդու կյանք։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել իր զեկույցում կլիմայի փոփոխության տնտեսական և սոցիալական հետևանքներն ուսումնասիրող Climate Impact Lab կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն նրա կանխատեսման՝ օվկիանոսա-մթնոլորտային անսովոր ուժեղ երևույթ Էլ Նինյոն 2026 թվականին կհանգեցնի 451,000 մարդու մահվան՝ ծայրահեղ շոգ օրերի հետևանքով։ Կազմակերպությունը մամուլի հաղորդագրությունում հիշեցրել է, որ այս երևույթը կարող է դառնալ ամենահզորն ամբողջ դիտարկումների պատմության մեջ։
«Մենք վաղուց արդեն կարողանում ենք կանխատեսել ջերմաստիճանի ազդեցությունը բերքի վրա, իսկ այժմ կարող ենք կանխատեսել նաև դրա ազդեցությունը մահացության վրա», - հայտարարել է Climate Impact Lab-ի համահիմնադիր, Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մայքլ Գրինսթոունը։ Նրա խոսքով՝ Climate Impact Lab-ի զեկույցը հնարավորություն է տալիս որոշումներ ընդունող անձանց հստակ տեսնել, թե կոնկրետ որտեղ կարելի է շտապ միջոցներ ձեռնարկել հենց հիմա՝ առաջիկա ամիսներին տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր փրկելու համար։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ընթացիկ Էլ Նինյո երևույթը ծառայում է որպես յուրօրինակ ապագայի նախանշան, քանի որ այն հստակ պատկերացում է տալիս ջերմաստիճանների մասին, որոնք 20 տարի անց կարող են դառնալ նորմա Երկրի վրա՝ կլիմայի փոփոխության հետևանքով։



