երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բլինքենը Ժնևում Լավրովի հետ բանակցություններից առաջընթաց չի ակնկալում

Բլինքենը Ժնևում Լավրովի հետ բանակցություններից առաջընթաց չի ակնկալում

ТАСС-ը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բեկումներ չի ակնկալում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ժնևում կայանալիք բանակցություններից, սակայն հույս ունի լսել, թե ինչի է հանգել Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անցած խորհրդակցություններից: Այդ մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է գերմանական ZDF հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Բլինքենը հիշեցրել է, որ հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ, հունվարի 12-ին Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, հունվարի 13-ին՝ Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստը։ «Բոլորս հնարավորություն ունեցանք անդրադառնալ մեզնից յուրաքանչյուրի լսածին»,- ասել է պետքարտուղարը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անհամբերությամբ է սպասում Ժնևում կայանալիք հանդիպմանը՝ «հասկանալու համար, թե իրոք հնարավո՞ր է արդյոք դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորել ուկրաինական ճգնաժամը»։

Բլինքենը նշել է, որ «նվազագույնը մեկ» ռուս զինվորականի կողմից Ուկրաինայի սահմանը հատելը կնշանակի հարձակում Ուկրաինայի վրա։

ՌԴ ԱԳՆ էլ հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև անհաղթահարելի տարաձայնություններ չկան, կարևոր է վերակառուցել վստահության մթնոլորտը: Արտգործնախարարությունը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը վճռականորեն կհակազդի Վաշինգտոնի թշնամական գործողություններին, եթե ԱՄՆ քաղաքականությունը չփոխվի:

  • Կիսվել: