Բլինկենն անդրադարձել է Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների հարցին
Ուկրաինայի ժողովուրդն ու կառավարությունը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկում գխավորությամբ, պետք է ինքնուրույն վճռեն տարածքային զիջումների հարցը, ԱՄՆ-ը չի պատրաստվում թելադրել իր դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ուկրաինայի ապագան ուկրաինացիների ձեռքերում է: Այդ որոշումները պետք է ընդունի ուկրաինացի ժողովուրդն ու ժողովրդավար ուղով ընտրված կառավարությունը, ներառյալ նախագահ Զելենսկին: Նա պետք է որոշի, թե ինչն է բխում իր երկրի, իր ժողովրդի շահերից, և մենք կաջակցենք այդ որոշմանը»,-ասել է Բլինկենը:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան երկրներն «աշխատում են շաբաթական 7 օր, օրը 24 ժամ՝ համոզվելու, որ ուկրաինացիները ստանում են այն ամենը, ինչ հարկավոր է Ռուսաստանի դեմ մարտական գործողություններ իրականացնելու համար»: