շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
«Բեռլինը շանտաժի չի ենթարկվի». հաքերները գողացել են 5,79 ՏԲ տվյալ և փրկագին պահանջել

«Բեռլինը շանտաժի չի ենթարկվի». հաքերները գողացել են 5,79 ՏԲ տվյալ և փրկագին պահանջել

Բեռլինը հայտնվել է շանտաժի սպառնալիքի տակ կիբերհարձակման հետևանքով, որի ընթացքում հաքերները մուտք են գործել քաղաքային համակարգեր և տվյալներ գողացել։ Չարագործները պահանջել են փրկագին, սակայն իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն զիջումների գնալ, հայտնում է BBC News-ը։

Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները հայտնել է, որ փրկագնի պահանջը ստացվել է օգոստոսի 27-ի երեկոյան։ Դրա չափը պաշտոնապես չի բացահայտվում, սակայն, գերմանական Der Spiegel պարբերականի տվյալներով, հաքերները պահանջում են 30 բիթքոյն՝ մոտ 2 մլն եվրո։

Հարձակման հետևանքով մայրաքաղաքի թվային համակարգերի մի մասը անջատվել է։ Մասնագետները շարունակում են պարզել, թե կոնկրետ ինչ տվյալներ են հայտնվել չարագործների ձեռքում։

Հարձակման պատասխանատվությունը, ենթադրաբար, վերցրել է Rhysida խումբը, որը կապվում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ։ Reuters-ի տվյալներով, հաքերները հայտարարել են, որ գողացել են շուրջ 5,79 ՏԲ տվյալ և յոթ օրից մտադիր են սկսել դրանց աճուրդը։

«Բեռլինը շանտաժի չի ենթարկվի», — հայտարարել է Վեգները։

Նա տեղեկացրել է, որ հետաքննությամբ զբաղվում են դաշնային հողի ոստիկանությունը, դատախազությունը և դաշնային անվտանգության ծառայությունները։ Իշխանությունները փորձում են պարզել թե՛ մեղավորներին, թե՛ արտահոսքի ծավալները։

Քաղաքային վարչակազմի տվյալներով, առաջին արտահոսքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում։ Օգոստոսի 14-ին անջատվել են երկու գերատեսչությունների ցանցերը, ինչի հետևանքով մի քանի օր անհասանելի են դարձել բնակարանային նպաստների ձևակերպման և վճարման հետ կապված ծառայությունները։

Ավելի ուշ մասնագետները հայտնաբերել են լրացուցիչ արտահոսքեր այն գերատեսչությունների ցանցերում, որոնք պատասխանատու են տրանսպորտի և շրջակա միջավայրի պահպանության համար։ Իշխանությունները չեն բացառում, որ գողացված տեղեկատվության թվում կարող են լինել անձնական և այլ ոչ հրապարակային տվյալներ։

Der Spiegel-ը հրապարակել է Rhysida-ի դարքնեթյան կայքի սքրինշոթը, որտեղ խումբը պնդում է, որ հասանելիություն է ստացել պայմանագրերի, չբացահայտման համաձայնագրերի, կադրային փաստաթղթերի, գաղտնաբառերի և հազարավոր անձնական կոնտակտային տվյալների։ Կայքում նաև սահմանված է հետհաշվարկ, որի ավարտից հետո չարագործները խոստանում են գողացված ֆայլերը հանել աճուրդի՝ 30 բիթքոյն մեկնարկային գնով։

Rhysida-ն գործում է առնվազն 2023 թվականից և, հետազոտությունների համաձայն, իրականացրել է հարյուրավոր կիբերհարձակումներ տարբեր երկրների պետական հաստատությունների և ընկերությունների դեմ։ 2023 թվականին խումբը հարձակվել էր Բրիտանական թանգարանի վրա՝ խափանելով դրա համակարգչային համակարգերի աշխատանքը և գողանալով մոտ 500 հազար ֆայլ։ Այն բանից հետո, երբ թանգարանը հրաժարվել էր վճարել փրկագինը, հաքերները դարքնեթում հրապարակել էին այցելուների, բաժանորդների և աշխատակիցների տվյալները։

Բեռլինի վրա հարձակումը տեղի է ունեցել դաշնային հողում ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ։ Սակայն Բեռլինի ներքին գործերի սենատոր Իրիս Շպրանգերը հայտարարել է, որ ընտրական ենթակառուցվածքը չի տուժել։

  • Կիսվել: