երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բաքվում փորձել են կաշառել Իտալիան ներկայացնող աշխարհի չեմպիոն ըմբիշին

Բաքվում փորձել են կաշառել Իտալիան ներկայացնող աշխարհի չեմպիոն ըմբիշին

Իտալական «Ռեպուբլիկան» հարցազրույց է վերցրել իտալացի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանկ Չամիզոյից, որը Բաքվի նախաօլիմպիական խաղերում կոռուպցիոն փորձի զոհ է դարձել։ Կուբայական ծագումով իտալացի մարզիկը՝ աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոնը, իր կամքին հակառակ կոռուպցիոն գործարքի փորձի մասնակից է դարձել: 

«Ես գիտեի, որ ստիպված եմ լինելու երկու-երեք բալ տանել Ադրբեջանում, քանի որ ես մրցում էի նրանց տանը, իսկ նրանք ամեն ինչ գնել էին: Ամբողջ մրցաշարին ադրբեջանցիների հետ նույն մրցավարն էր։ Ես դա արեցի, բայց հետո ինչ-որ բան տեղի ունեցավ, որն ինձ հիշեցրեց տարիներ առաջվա փորձը: Նրանք եկան ինձ մոտ և ինձ գումար առաջարկեցին՝ 300․000 դոլար: Ես չեմ ուզում ասել, թե ով, բայց դա տեղի է ունեցել առավոտյան՝ կշռվելու օրը։ Ես նրանց ուղարկեցի գրողի ծոցը, որովհետև ես ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը», - ասել է Չամիզոն։

Չամիզոն նշել է, որ գլխավոր մրցավարն ադրբեջանցի մարզիկ Բայրամովի օգտին որոշում է կայացրել և չի հաշվել իր՝ Չամիզոյի միավորները, թեև գորգի 5 մրցավար միավոր են տվել և վարժությունը հաշվել են Չամիզոյի օգտին։ Նա դրանով զրկվել է հաղթանակից և չի հավաքել անհրաժեշտ միավորներ՝ Փարիզի օլիմպիական խաղերին մեկնելու համար։

  • Կիսվել: