Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ դաժանաբար ծեծի են ենթարկվել մի շարք ակտիվիստներ․ շուրջ 150 մարդ է ձերբակալվել
Նոյեմբերի 11-ին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 150 մարդ։ Այս մասին Turan գործակալությանը հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը ։
Նրա խոսքով ՝ մի խումբ անձինք ձերբակալվել են դեռ ակցիայի սկսվելուց առաջ։ Իրավապաշտպանը նաև ասել է, որ ձերբակալվածների ցուցակները ճշտվում են։
Ահմեդովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոստիկանությունը չափից ավելի ուժ է կիրառել, ինչը չի եղել նախորդ ակցիայի ժամանակ։ Մասնավորապես, ձերբակալության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվել Ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն, մի շարք այլ ակտիվիստներ ։
«Ճնշում է գործադրվել նաեւ լրագրողների վրա, ընդ որում, «նորամուծություն» է դարձել այլ անձանց լրագրողների ներկայանալը, որոնք հրել եւ խանգարել են լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին», — ասել է Ահմեդովը:
Նշվում է, որ ժամը 16: 00-ի սահմաններում սկսված ակցիան շարունակվել է մոտ մեկ ժամ: Այս ամբողջ ընթացքում ադրբեջանական ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ «Իչերի Շեխեր» մետրոյի կայարանի մոտ ձերբակալել են բոլոր նրանց, ովքեր վանկարկում էին կարգախոսներ կամ խմբով շարժվում դեպի Բաքվի գործադիր իշխանության շենք ։
Ակցիան կազմակերպվել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության կողմից ՝ հավաքների ազատության, ցամաքային սահմանների բացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պահանջով։