ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նա իր եկույթում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերելքի շրջան է ապրում, և երկիրն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ամբողջ աշխարհին Ամերիկայում, երբ մենք նշում ենք փառավոր ազատության և անկախության 250-ամյակը»,- ասել է Թրամփը։

Ըստ նրա՝ երկուսուկես դար անց այն բանից հետո, ինչ ազատության համար պայքարը դրեց ամերիկյան պետականության հիմքերը, ԱՄՆ-ն կրկին վերելքի մեջ է. «Ամերիկան վերադարձել է, և այսօր մեր երկիրն ավելի ուժեղ է, քան երբևէ»:

Թրամփը թվարկել է ԱՄՆ-ի հիմնական առավելությունները։ Նրա խոսքով՝ ամերիկյան տնտեսությունը «ամբողջ աշխարհի նախանձի առարկան է», զինված ուժերը շարունակում են մնալ «աշխարհի հզորագույնը», իսկ ամերիկյան տեխնոլոգիաները հավասարը չունեն։

«Մեր էներգետիկան սնուցում է մոլորակը։ Ամերիկան վերելք է ապրում։ Մեր ազգն աճում է, մեր հզորությունն ընդլայնվում է, մեր երկիրը բարգավաճում է ինչպես երբեք, իսկ մեր ապագան շատ- շատ լուսավոր է»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև ամերիկյան աշխատաշուկայում դրական փոփոխությունների մասին։ Մասնավորապես, ըստ նրա, պաշտոնը ստանձնելուց ի վեր մասնավոր հատվածում ստեղծվել է ավելի քան 1 միլիոն նոր աշխատատեղ, իսկ աշխատող ամերիկացիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։

«Պաշտոնը ստանձնելուց ի վեր մենք մասնավոր հատվածում ստեղծել ենք ավելի քան 1 միլիոն նոր աշխատատեղ, և այսօր շատ ավելի շատ ամերիկացիներ են աշխատում, քան երբևէ»,- հայտարարել է Թրամփը։

Նա հայտնել է նաև, որ անցյալ շաբաթ հրապարակվել է մի ցուցանիշ, ըստ որի՝ ԱՄՆ-ում աղքատության մակարդակը հասել է երկրի ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշին։