հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ավստրիայի հազարավոր բնակիչներ փակել են Գերմանիայի և Իտալիայի միջև ռազմավարական մայրուղին

Ավստրիայի հազարավոր բնակիչներ փակել են Գերմանիայի և Իտալիայի միջև ռազմավարական մայրուղին

Ավստրիայի Բրեններ ավտոմայրուղին՝ Գերմանիայի և Իտալիայի միջև Ալպերով անցնող հիմնական տրանսպորտային միջանցքներից մեկը, շաբաթ օրն ամբողջությամբ փակվել է՝ բեռնափոխադրումների և զբոսաշրջային տրանսպորտի աճող հոսքի դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիայի շրջանակում, որին մասնակցել է մոտ 3 հազար մարդ, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ բողոքը կազմակերպել էր Գրիս-ամ-Բրեններ համայնքի քաղաքապետ Կառլ Մյուլշտայգերը։

Մասնակիցները հանդես են եկել Վիպտալ հովտում, որով անցնում է դեպի Բրենների լեռնանցք տանող ավտոմայրուղին, մշտական տրանսպորտային խցանումների, աղմուկի և շրջակա միջավայրի աղտոտման դեմ։

Ակցիան անցկացնելու համար ոստիկանությունը նախապես փակել էր մայրուղու երկու մուտքերը։ Խորհրդանշական շրջափակումը տևել է մոտ ութ ժամ։

Փակվել էր նաև զուգահեռ տարածաշրջանային ճանապարհը, որով թույլատրվել էր երթևեկել միայն տեղացիներին և ծառայողական տրանսպորտին։ Երթուղու երկաթուղային հաղորդակցությունը շարունակել է գործել, սակայն տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գնացքները գերբեռնված էին։

Աղբյուրն ընդգծում է, որ Բրենների լեռնանցքով ինտենսիվ տարանցիկ երթևեկության խնդիրն արդեն երկար տարիներ մնում է վեճերի առարկա Ավստրիայի և Գերմանիայի միջև։ Ավստրիական Տիրոլի իշխանությունները բազմիցս սահմանափակումներ են մտցրել բեռնատար տրանսպորտի համար, ինչը դժգոհություն է առաջացրել գերմանական կողմում։

Իտալիայում նույնպես բարդություններ են առաջացել: Մասնավորապես՝ այս գիշեր անհայտ անձինք հրկիզել են Վերոնա-Բրեններ երկաթգծի երթևեկության կառավարման համակարգի սարքավորումները Պերի և Դոլչե քաղաքների շրջանում։ Դրա պատճառով գնացքների շարժը խափանվել է։ Քննիչները դիտարկում են արմատական բնապահպանական կամ անարխիստական խմբավորումների հնարավոր առնչությունը։

  • Կիսվել: