Առաջիկա վեց ամիսները որոշիչ կլինեն Ռուսաստանի կողմից էսկալացիայի ֆոնին. Լեհաստանի վարչապետ
Ռուսաստանը շարունակում է հակամարտության էսկալացիան, իսկ առաջիկա վեց ամիսները կարող են որոշիչ դառնալ եվրոպական անվտանգության համար։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցից հետո հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Նա նաև նախազգուշացրել է դաշինքի երկրների դեմ Մոսկվայի հնարավոր սադրանքների մասին։
Տուսկը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Ինչպես արդեն նախազգուշացրել էի, Ռուսաստանի կողմից էսկալացիան շարունակվում է»։
Նրա խոսքով՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում անհրաժեշտ է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների. «Մենք չպետք է բացառենք Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի երկրներից մեկի դեմ սադրանքները»:
Տուսկը նաև հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ աջակցություն հակաօդային պաշտպանության միջոցներով, ինչը, ըստ նրա, անմիջական նշանակություն ունի նաև եվրոպական երկրների անվտանգության համար։
Լեհ պաշտոնյայի հայտարարությունը հնչել է այն հաղորդումների ֆոնին, որոնք վերաբերում էին ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի Մոսկվա այցին։ Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ ամերիկյան հետախուզության ղեկավարը ռուսաստանյան կողմին նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հնարավոր հարձակման հետևանքների մասին։ Կրեմլն այդ հաղորդումները հերքել է։
Լեհաստանը մնում է Ուկրաինայի առանցքային քաղաքական և ռազմական դաշնակիցներից մեկը և միաժամանակ զգալիորեն ավելացնում է պաշտպանության ծախսերը՝ Ռուսաստանի հնարավոր գործողությունների վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։



