ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապատեղեկատվություն է, թե մաքսավորները չեն կարողանում վերահսկել իրավիճակը․ Վրաստանի հայտարարությունը

Ապատեղեկատվություն է, թե մաքսավորները չեն կարողանում վերահսկել իրավիճակը․ Վրաստանի հայտարարությունը

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական սահմանին գտնվող մաքսակետերի գործունեության վերաբերյալ։ Վերջին շրջանում կտրուկ աճել է Ռուսաստանի սահման անցնող մեքենաների թիվը, սակայն, չնայած դրան, տեղեկատվությունը, թե մաքսավորները չեն կարողանում վերահսկել իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։

Ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին բեռնա և ուղևորափոխադրումների անկառավարելի իրավիճակ է, մաքսավորները չեն կարողանում վերահսկել այն, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Եկամուտների ծառայությունից ևս մեկ անգամ պարզաբանում են․  «Ողջ տարածաշրջանում տրանսպորտային բեռնափոխադրումների ավելացման պատճառով հանրապետության բոլոր մաքսակետերն անցել են հատուկ ռեժիմի։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված բոլոր ապրանքների համար ստեղծվել են մաքսային ռիսկերի կառավարման նոր պրոֆիլներ, որոնց մոնիտորինգը գտնվում է խիստ հսկողության ներքո»։

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի «Առաջին» (Պիրվելի) հեռուստաալիքը հայտնել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի սահմանի երկու կողմերում մեքենաների հսկայական հերթեր են գոյացել, և վիճակը անվերահսկելի է։

 

  • Կիսվել: