Անկայունության գոտիները մոտենում են ՀԱՊԿ երկրների սահմաններին․ Սերդյուկով
Միջազգային հարաբերությունների վատթարացումը և «անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության սպառնալիքների աճին։ Այս մասին Ռուսաստանում «Փոխըմբռնում», «Որոնում» և «Էշելոն» զորավարժությունների բացման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Միջազգային հարաբերությունների հետագա վատթարացումը, ինչպես նաև «անկայունության գոտիների» անմիջական մոտեցումը մեր պետությունների սահմաններին նպաստում են ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների աճին։ Ստեղծված պայմանները մեզ թելադրում են օպերատիվորեն արձագանքել մարտական գործողությունների վարման բնույթի և բովանդակության փոփոխություններին։ Հաշվի առնելով առաջնահերթությունները՝ մենք կատարելագործում ենք հավաքական ուժերի կառավարման բաղադրիչներն ու ստորաբաժանումները, ինչպես նաև նրանց պատրաստվածությունը՝ գործելու ժամանակակից զինված հակամարտությունների իրական պայմաններին առավելագույնս մոտ իրավիճակներում», - հայտարարել է Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում անցկացվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների արդիականությունը պայմանավորված է աշխարհում ստեղծված չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակով։
Սերդյուկովը նշել է, որ ժամանակակից զինված հակամարտությունների փորձը հաշվի առնելով՝ համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության որակյալ կազմակերպումը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական ուժերի մարտական ներուժի ավելացումը, դրանց ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում՝ անօդաչու համակարգերով, հետախուզական և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով համալրումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության կազմակերպման կատարելագործումը Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության ժամանակահատվածում գործունեության առաջնահերթ ուղղություններից են։
Զորավարժություններին հերթական անգամ չի մասնակցում Հայաստանը, որը հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցության «սառեցման» մասին։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։



