շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Անկարան Սիրիայում գործողություն սկսելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի. Էրդողանի խոսնակ

Անկարան Սիրիայում գործողություն սկսելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը  հայտարարություն է արել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Ըստ Քալընի՝ հնարավոր նոր օպերացիան իրականացնելու համար Թուրքիան ոչ-մեկի թույլտվության կարիքը չունի:

Խոսնակը նշել է, որ չնայած 2019-ին թուրքական կողմը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ էր ձեռք բերել Եփրատի արևմտյան ու արևելյան հատվածների վերաբերյալ, այնուամենայնիվ «ահաբեկչության վտանգն ամբողջովին չի վերացել»:

Ըստ Քալընի՝ նման ռազմական գործողությունը Թուրքիայի օրինական իրավունքն է, քանի որ դրանով լուծվում է սահմանային անվտանգության հարցը:Նկատենք, որ Թուրքիան մինչև այժմ քրդական ուժերի դեմ Սիրիայում իրականացրել է 3 խոշոր ռազմական գործողություն, որոնց հետևանքով Սիրիայի մի շարք շրջաններ դուրս են մնացել քրդական ուժերի վերահսկողությունից, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Էրդողանը այդ թեմայի վերաբերյալ ասել էր․ «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում  անվտանգություն  գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»:

  • Կիսվել: