ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի
ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի իր կամ իր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տարածաշրջանում այլ մասնակիցների և ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից համաձայնագրի ցանկացած խախտման համար պատասխանատվությունը կրելու է ամերիկյան կողմը», - ասել է նա իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Բաղայիի խոսքով՝ Մերձավոր Արևելքում չեն հավատում, որ Իսրայելը շահագրգռված է տարածաշրջանում կայունությամբ և կարող է որևէ գործողություն ձեռնարկել առանց ԱՄՆ-ի հետ համակարգման, ուստի ողջ պատասխանատվությունը կրում է հենց Վաշինգտոնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։



