երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանում. Փելոսին դուրս է եկել ինքնաթիռից և առաջին հայտարարությունն արել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանում. Փելոսին դուրս է եկել ինքնաթիռից և առաջին հայտարարությունն արել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դուրս է եկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ ինքնաթիռից, որը վայրէջք է կատարել Թայվանի մայրաքաղաք Թայբեյի օդանավակայանում, հաղորդում է Թայվանի China Times թերթը:

Տեղում նրան դիմավորել են Թայվանի պաշտոնյաները և մամուլը: Նա լուսանկարվել է իրեն դիմավորած պատվիրակության հետ, ապա շարժվել դեպի տերմինալ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փելոսին Թայվանում հայտարարել է, որ իր այցն ապացույց է առ այն, որ ԱՄՆ-ն հանձնառու է «Թայվանի ժողովրդավարության աջակցությանը»: Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ իր այցը որևէ կերպ չի հակասում կղզու նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը:

Նախօրեին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել էր, որ Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն Փելոսիի Թայվան այցի դեպքում։ 

«Եթե Փելոսին այցելի Թայվան, դա կլինի կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին քաղաքականությանը... և կհանգեցնի շատ լուրջ հետևանքների: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստի», - ընդգծել էր նա ճեպազրույցում։

Դիվանագետի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայվան ապակայունացնի իրավիճակը Թայվանի նեղուցում և հարված կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։

«Չինաստանն անպայման կձեռնարկի ուժեղ և արդյունավետ հակաքայլեր»,- ասել էր Չժաո Լիցզյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Փելոսին, որը զբաղեցնում է ԱՄՆ կառավարության հիերարխիայի երրորդ կարևորագույն պաշտոնը, ծրագրում է օգոստոսին այցելել Թայվան։ Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի 25 տարվա ընթացքում առաջին այցն է կղզի։

 

  • Կիսվել: