ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում
Ցույցերին իշխանությունների արձագանքի պատճառով ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում, Iran International հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Պոմպեոն ասել է. «Այժմյան պատժամիջոցները ուղիղ արդյունքն են այն բանի, որ իրանական ղեկավարությունը անջատում է ինտերնետը։ Նրանք խափանել են իրանցիների խոսելու, շփվելու հնարավորությունը, նրանց ազատությունը: Իշխանությունները փորձել են ճնշել ցույցերը, այդ պատճառով մենք պատասխանատուների դեմ պատժամիջոցներ ենք սահմանել»։
Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ իրանցի ժողովուրդը պաշտպանված լինի, եւ պահպանվեն մարդու իրավունքները ։
Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ հայտարարել էր, որ պատժամիջոցների ցուցակում ներառել է նախարար Ազարի Ջահրոմիին, որը մասնակից է Իրանի քաղաքացիների համար ինտերնետի հասանելիությունը սահմանափակելուն։ Այդ ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ամերիկյան քաղաքացիների ու ընկերությունների համար նրա հետ բիզնես գործարքների արգելք։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 16-ին իրանական իշխանություններն անջատել էին ինտերնետը։ Արգելափակումների մասին որոշումն ընդունվել էր բենզինի գնի եռակի բարձրացման դեմ բողոքի ցույցերի առնչությամբ: