ԱՄՆ-ն և Իրանը սառեցնում են բանակցությունները. Թրամփը փոխում է ռազմավարությունը
ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա բանակցային ժամկետն ավարտվել է այս շաբաթ՝ առանց պատերազմի մոտալուտ ավարտի որևէ նշանի։ Դոնալդ Թրամփը փոխում է իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ նա պահանջել է, որ վարչակազմի հիմնական պաշտոնյաները դադարեցնեն բանակցությունները Թեհրանի հետ։
Սպիտակ տունը նախատեսել է իրականացնել ձգձգվող «սառեցված» դիմակայություն, որտեղ հարձակման գլխավոր գործիքը լինելու են ոչ թե հրթիռներն ու ռումբերը, այլ Իրանին տնտեսապես «խեղդելը»:
Այս ուղղությամբ արդեն աշխատում է իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը, որը զուգորդվում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի պաշտպանության հետ:
Մինչդեռ Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ Իրան-Օման բանակցությունների ելքը մնում է անորոշ։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը կարող է ճանապարհ հարթել «համապարփակ և մշտական համաձայնագրի շուրջ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների վերսկսման համար: Այն կվերացնի բոլոր մտահոգությունները և կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»:
Հայտարարությունը հնչել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթիի և նրա Օմանի գործընկեր Բադր ալ Բուսաիդիի հանդիպումից հետո և Թրամփի սպառնալիքների ֆոնին: ԱՄՆ նախագահը սպառնացել է հարվածել Օմանին, եթե վերջինս առանձին համաձայնագիր կնքի Իրանի հետ:



