ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios

ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios

ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական ​​և Հանրապետական ​​կուսակցությունների ներկայացուցիչները Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) նախազգուշացրել են, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալման հրաման տալու հնարավոր որոշման դեպքում ԱՄՆ-ն կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ արդեն իսկ նախապատրաստվում է օրինագիծ, որը գործադիր իշխանությանը թույլ կտա արձագանքել ՄՔԴ-ի կողմից ձերբակալման հնարավոր հրամաններին։

Axios-ը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալման հրամաններ տալու որոշումը։ Ապրիլի 29-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հրաժարվել է մեկնաբանել Նեթանյահուի և Բայդենի հեռախոսազրույցը, սակայն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավանություն չի տալիս Իսրայելի դեմ Հաագայի դատարանի հետաքննությանը։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարություն է տարածել՝ ձերբակալման հնարավոր հրամաններն անվանելով «խայտառակ» և «անօրինական»։ Նա նաև կոչ է արել, որ Բայդենի վարչակազմն օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ նման քայլը կանխելու համար։

 

  • Կիսվել: