ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ խաղարկային վիզաների կամ «գրին քարտի» գրանցման ավարտին մնացել է երկու օր․ Դեսպանատան հայտարարությունը

ԱՄՆ խաղարկային վիզաների կամ «գրին քարտի» գրանցման ավարտին մնացել է երկու օր․ Դեսպանատան հայտարարությունը

ԱՄՆ խաղարկային վիզաների կամ «գրին քարտի» խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման նոր շրջանը կսկսվել է 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արեւելյան ամառային ժամանակով եւ ավարտվելու է 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արեւելյան ստանդարտ ժամանակով:

ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. 

«Դիմորդները կարող  են հայտը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն։

Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ:

Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ դրան համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են հայտերը լրացնել անձամբ կամ այլ անձի օգնությամբ: Անկախ այն հանգամանքից անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, յուրաքանչյուր անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ՝ գրանցման համար սահմանված ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը:

Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճար են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Պետք է պահպանել գրանցման հաստատման թերթիկը եւ եզակի համարանիշով հաստատման համարը:

Զգուշացեք խաբեությունից. խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ: Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է հանրությանը կեղծ նամակների մասին, որոնց հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից:   Խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզաների ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք՝ երբ եւ ինչ պետք է սպասել եւ ումից:  ԱՄՆ կառավարությունը խաղարկության մասնակիցներին երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնում շահելու մասին լուրը: Փոխարենը, մասնակիցները կարող են պարզել իրենց դիմումի կարգավիճակը ծրագրի պաշտոնական կայքում՝օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Ներգաղթային վիզաների հարցազրույցի մասին տեղեկությունը եւս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում:

Կարեւոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռեւս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Շահողները պետք է մասնակցեն հարցազրույցին եւ որակավորված լինեն վիզա ստանալու համար:

Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաեւ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2021-ի հրահանգներում, որոնք զետեղված են այս էջում

  • Կիսվել: