ԱՄՆ կատարելիք այցի պատճառով դատարանը Նեթանյահուին ազատել է ցուցմունք տալուց
Երուսաղեմի շրջանային դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ազատել է հաջորդ շաբաթ կոռուպցիայի գործով լսումների շրջանակներում ցուցմունք տալուց՝ ԱՄՆ նախատեսված նրա այցի պատճառով, տեղեկացնում է Ynet-ը:
Հուլիսի 1-ին Նեթանյահուն Իսրայելի նախարարների կաբինետի նիստի սկզբում հայտնել է, որ հաջորդ շաբաթ պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ: ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգը դեռևս մանրամասն չի հրապարակվել, սակայն սպասվում է, որ կողմերն առաջին հերթին կքննարկեն Իրանի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել երեք գործով, որոնք վերաբերում են միլիոնատեր ընկերների կողմից նվերներ ստանալուն և բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելուն: Նա հերքում է իր հանդեպ մեղադրանքները և հետաքննությունն անվանում «վհուկների որս»: