հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
ԱՄՆ իշխանությունները ծրագրում են 90-օրյա արգելք դնել դիզելային վառելիքի արտահանման վրա

ԱՄՆ իշխանությունները ծրագրում են 90-օրյա արգելք դնել դիզելային վառելիքի արտահանման վրա

Սպիտակ տունը դիտարկում է դիզելային վառելիքի արտահանումը 90 օրով արգելելու ծրագիրը՝ փորձելով ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններից առաջ նվազեցնել էներգակիրների գնաճը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Politico-ն։

«Թրամփի վարչակազմը մշակում է դիզվառելիքի արտահանման 90-օրյա արգելքի նախագիծը, թեև դրա շուրջ տարաձայնություններ կան ինչպես հենց վարչակազմի ներսում, այնպես էլ նավթային ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նպատակը նոյեմբերյան ընտրություններից առաջ հանրապետականների համար բեռ դարձած էներգակիրների գները ցածրացնելն է», — հայտնում է թերթը։

Պարբերականն ընդգծում է, որ արգելքի իրավական կողմը դեռ մշակման փուլում է։

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այս որոշման մասին հայտարարել արդեն ընթացիկ շաբաթվա վերջին։

Սա կարող է դառնալ էներգակիրների արտահանման առաջին սահմանափակումը 2015 թվականից ի վեր, երբ նախագահ Բարաք Օբաման չեղարկեց տասնամյակներ գործող նավթի արտահանման արգելքը։

Politico-ի տվյալներով՝ 90-օրյա սահմանափակմանը դեմ են արտահայտվում նավթային ոլորտի ներկայացուցիչները՝ զգուշացնելով, որ կարճաժամկետ օգուտին հաջորդելու է ապագայում վառելիքի ավելի կտրուկ թանկացումը։ Նախագծին դեմ են նաև էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։

  • Կիսվել: