շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը կասեցրել Է Թրամփի մաքսատուրքերի արգելքը

ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը կասեցրել Է Թրամփի մաքսատուրքերի արգելքը

Դաշնային վերաքննիչ դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի արգելքը, որը նախօրեին սահմանվել էր մեկ այլ դատարանի կողմից: Քանի դեռ քննարկվում է բողոքը, տուրքերը կմնան ուժի մեջ։ Ինչպես գրել են ամերիկյան ԶԼՄ-ները, գործը, հավանաբար, կհասնի Գերագույն դատարան։ Վերաքննիչ դատարանը նաև պարտավորեցրել է կողմերին, որ մինչև հունիսի սկիզբը գրավոր ներկայացնեն իրենց փաստարկները, գրում է BBC-ն:

ԱՄՆ Միջազգային առևտրի դատարանը երեկ որոշում էր կայացրել, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ սահմանելով ներմուծման գլոբալ մաքսատուրքեր, և հրամայել էր արգելափակել դրանք։

Երեք դատավորից բաղկացած կոլեգիայի որոշման մեջ ասվում էր, որ 1977 թվականի միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը (IEEPA), որը Թրամփը վկայակոչել է մաքսատուրքերի սահմանումը հիմնավորելու համար, նախագահին իրավունք չի տալիս մաքսատուրքեր սահմանել գրեթե ամբողջ աշխարհի համար:

Որոշումը հրապարակելուց մի քանի րոպե անց Թրամփի վարչակազմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Սպիտակ տունն այժմ 10 օր ունի մաքսատուրքերի վերացման բյուրոկրատական ​​գործընթացն ավարտելու համար, չնայած դրանց մեծ մասը ներկայումս կասեցված է։

  • Կիսվել: