չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
ԱՄՆ-ի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է Ղազախստանից նավթ տեղափոխող տանկերների վրա հարձակումները. մամուլ

ԱՄՆ-ի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է Ղազախստանից նավթ տեղափոխող տանկերների վրա հարձակումները. մամուլ

Միացյալ Նահանգների, իսկ հնարավոր է՝ նաև այլ երկրների ճնշման ներքո Ուկրաինան համաձայնել է դադարեցնել Ղազախստանից խողովակաշարերով Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի՝ Նովոռոսիյսկի մերձակա տերմինալ տեղափոխվող հում նավթ փոխադրող տանկերների վրա հարձակումները, փոխանցում է The Maritime Executive-ը։

Ինչպես հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, Ուկրաինան կասեցրել է հարվածները ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ զրույցից հետո։

Ավելի վաղ Ուկրաինան հարձակումներ էր գործել տվյալ ծովային տերմինալի մոտ գտնվող օտարերկրյա տանկերների վրա, այդ թվում՝ առնվազն մեկ նավի, որը վարձակալվել էր ամերիկյան Chevron ընկերության կողմից։

Նավթահանքն ու խողովակաշարը կառավարող կոնսորցիումում ներդրումներ ունեն Chevron-ը, ինչպես նաև այլ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են ExxonMobil-ը, Eni-ն և Shell-ը, իսկ արտահանման ծավալի 75%-ն իրականացվում է օտարերկրյա մատակարարների կողմից։ 2025 թվականին արտահանման ծավալը կազմել է մոտավորապես 70,5 միլիոն տոննա նավթ։

Ղազախստանը և Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը հայտարարել են, որ հուլիսի վերջին տեղի ունեցած երկու հարձակումներից հետո դիմել են Միացյալ Նահանգներին և այլ երկրներին՝ օգնության կոչերով։ Հաղորդվում է, որ Chevron-ի գլխավոր տնօրեն Մայք Վիրթը անձամբ զանգահարել է Դոնալդ Թրամփին և խնդրել միջամտել։

  • Կիսվել: