հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական զորավարժությունների կրճատումից հետո ԿԺԴՀ-ն արձակել է մոտ 10 հրթիռ

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական զորավարժությունների կրճատումից հետո ԿԺԴՀ-ն արձակել է մոտ 10 հրթիռ

Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրը ծովի ուղղությամբ արձակել է մոտ 10 կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ, հայտնել են Հարավային Կորեայի զինվորականները։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, արձակումները տեղի են ունեցել ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Սեուլը հայտարարեցին համատեղ ռազմական զորավարժությունների կրճատման մասին՝ քայլ, որին ԱՄՆ-ը դիմել էր՝ հույս ունենալով վերսկսել երկխոսությունը Փհենյանի հետ։

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ հրթիռները արձակվել են ԿԺԴՀ մայրաքաղաքի շրջանից տեղական ժամանակով մոտ 17:00-ին և շարժվել են երկրի արևելյան ափի ուղղությամբ։ Հարավկորեական զինվորականները ուժեղացրել են վերահսկողությունը և համակարգում են գործողությունները ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ։

Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է անցկացրել և կոչ է արել Փհենյանին դադարեցնել բալիստիկ հրթիռների արձակումները, որոնք արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով։ Ճապոնիան նույնպես հայտնել է արձանագրված ենթադրյալ հրթիռային արձակման մասին։

Նախօրեին ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հայտարարեցին Ulchi Freedom Shield 11-օրյա համատեղ զորավարժությունների տևողության և ծավալների կրճատման մասին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր «էապես կրճատել» զորավարժությունները՝ հղում անելով ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ին աջակցելուց Հարավային Կորեայի հրաժարմանը։

Սակայն հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, մերժել է այդ ժեստը։ Նա հայտարարել է, որ զորավարժությունների ծավալների և տևողության կրճատումը չի փոխում դրանց «սադրիչ և ագրեսիվ բնույթը» և բավարար հիմք չէ բանակցությունների վերսկսման համար։

Միաժամանակ Կիմ Յո Չժոնը նշել է, որ իր եղբոր անձնական հարաբերությունները Թրամփի հետ «դեռևս հրաշալի են»։ Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ ակնկալում է մինչև տարվա վերջ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ։

  • Կիսվել: