ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի լրագրողի հավատարմագրումը G20-ի համար
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի քանի հեղինակավոր պարբերականների, այդ թվում՝ The New York Times-ի, The Wall Street Journal-ի և Bloomberg-ի լրագրողների հավատարմագրումը՝ G20-ի ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի կառավարիչների երկօրյա հանդիպումները լուսաբանելու համար: Միջոցառումը սկսվում է Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում երկուշաբթի օգոստոսի 31-ին։
Պարբերականները ֆինանսների նախարարության այդ որոշումը որակել են «ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից անկախ լրագրությունը խաթարելու ևս մեկ նյարդայնացնող փորձ, այլ հանրային վերահսկողությունից խուսափելու բացահայտ քայլ»։
«Անցանկալի լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելը Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի սկզբում մեկնարկած քարոզարշավի մի մասն էր՝ ուղղված այն լրատվամիջոցների դեմ, որոնց նա անվանում է չափազանց քննադատական կամ «ձախակողմյան»»,- նշում է AFP լրատվական գործակալությունը։
Թրամփը դատական հայցեր է ներկայացրել Wall Street Journal-ի և The New York Times-ի դեմ։ Սպիտակ տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց նա հրամայել է կրճատել ԱՄՆ-ի Գլոբալ մեդիա գործակալության (USAGM) ֆինանսավորումը: Գործակալությունը պատասխանատու է ամերիկյան իշխանություններից ֆինանսավորվող հեռարձակող լրատվամիջոցների համար:



