Ամենավատ թշնամին նա է, ով իրեն ընկերոջ պես է պահում․ Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը՝ վրացի պատգամավորներին
Ուկրաինայի խորհրդարանի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը դիմել է իր վրացի գործընկերներին: Նա մեկնաբանել է «Ռոսկոմնադզորի» պատժամիջոցների մեղմացումը վրացական ընկերությունների համար, որոնց կթույլատրվի կաթնամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն։
Ստեֆանչուկը հորդորել է Վրաստանի իշխանություններին լսել իրենց ժողովրդին։ Գերագույն Ռադայի նախագահը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Գամառջոբա, գենացվալե! Ես միշտ այդպես եմ դիմել իմ վրացի խորհրդարանական գործընկերներին։ Ինչպե՞ս եղավ, գենացվալե, որ այսօր, քո եղբայրական Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ, դու որոշեցիր զարգացնել առևտուրը մի երկրի հետ, որը հարձակվել էր և՛ մեզ, և՛ քեզ վրա։ Արդյո՞ք Ռուսաստանի որոշումը՝ թուլացնել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը, երախտագիտություն չէ այն փաստի համար, որ պաշտոնական Թբիլիսին չի ցանկանում լիարժեք աջակցել Ուկրաինային:
Արդյո՞ք վրացական 15 կաթ արտադրողների նկատմամբ պատժամիջոցների վերացումը արժե մեր հազարամյա բարեկամությանը, մեր երկարամյա համատեղ պայքարին, մեր ընդհանուր ձգտումներին։ Չե՞ք տեսնում, որ Վրաստանի ժողովուրդը, դուրս գալով վրացական քաղաքների հրապարակներ, աջակցում է Ուկրաինային, ոչ թե ձեր մութ պայմանավորվածություններին։ Մոռացե՞լ եք մեծն Շոթա Ռուսթավելու խոսքերը, որ ամենավատ թշնամին նա է, ով իրեն ընկերոջ պես է պահում։
Սակայն մենք հաստատ գիտենք, որ Վրաստանը միայն իշխանությունը չէ։ Այն նախևառաջ վրացի հպարտ, անվախ ու ազատատենչ ժողովուրդ է։ Ով երբեք իրեն թույլ չի տա լռել, երբ իր եղբայրները դժվարության մեջ են: Իսկ դուք, հարգելի խորհրդարանականներ, չպետք է լռեք։ Որովհետև դուք ձեր ժողովրդի մի մասն եք», – ամփոփել է նա։