Ալիևն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին. ինչ են քննարկել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ընդունել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է APA-ն:
Նշվում է, որ Ալիևը կարևորել է Քուրթուլմուշի մասնակցությունը Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանին։
Ալիևի խոսքով՝ ապագայում ևս երկրում կանցկացվեն միջոցառումներ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում: Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է իսլամական երկրների միջև կապերի հետագա ընդլայնման կարևորությունը։
Իր հերթին Նուման Քուրթուլմուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման համար:
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Բաքվում անցկացվող համաժողովը՝ որպես Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում գործընկերության ամրապնդման հարթակ։
Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական ու դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության ոլորտում։
Պաշտոնյաները քննարկել են նաև երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության և դրա հետագա ընդլայնման հեռանկարները։



