Ակնկալում եմ Իրանի հետ բանակցություններ առաջիկա շաբաթվա ընթացքում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան Axios լրատվական պորտալի հետ հեռախոսազրույցում։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում։ Գուցե մենք դրան համաձայնեինք մեկ տարի առաջ։ Նրանք գերագնահատեցին իրենց հնարավորությունները»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ նախագահը չի հերքել Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը:
Սպասվում է, որ կատարցի միջնորդները, որոնք ավելի վաղ մասնակցել են Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպումներին, սեպտեմբերի 28-ին հանդիպումներ կունենան Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ու ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ:
Միևնույն ժամանակ, Axios-ը նշում է, որ երկրներն ունեն տարբեր տեսլականներ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ։ Մինչ Թեհրանը ցանկանում է ցանկացած բանակցություն կենտրոնացնել Հորմուզի նեղուցի լիակատար բացման և ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացման վրա, Վաշինգտոնը պահանջում է ավելի լայն համաձայնագիր, որը ներառում է զիջումներ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Մի քանի օր առաջ Արաղչին հաղորդել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին առաջարկել է մեկ շաբաթվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ որոշակի պայմաններով, և վերսկսել հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունները: Ըստ ԶԼՄ-ների՝ որպես պայմաններ նշվել են ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը, Թեհրանի ակտիվների ապասառեցումը և իրանական նավթի արտահանման սահմանափակումների վերացումը:
Սպիտակ տան ղեկավարը մերժել Է Իրանի այդ առաջարկը:



