Աֆղանստանում զբոսայգում հանգստացողների վրա անհայտ անձինք կրակ են բացել. զոհերի թվում կան երեխաներ
Անհայտ անձինք ինքնաձիգ զենքից կրակ են բացել Աֆղանստանի Հերաթ նահանգի Ինջիլ գավառում զբոսայգում հանգստացողների վրա: Առնվազն 7 մարդ զոհվել է, ավելի քան 10-ը՝ վիրավորվել, հայտնում են աֆղանական լրատվամիջոցներն ու ՆԳՆ-ն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ, մասնավորապես, «Սեդա-ե Աֆղան» Telegram-ալիքը հայտնել է. «Անհայտ զինված անձինք խաղաղ բնակիչների են գնդակահարել Հերաթ նահանգի Ինջիլ գավառի Դահմիրի գյուղում: Հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել և վիրավորվել են»:
«Ականատեսը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է, որ զինված անձինք նախ հանգստացողների ամբոխից առանձնացրել են տղամարդկանց և գնդակահարել են նրանց կանանց ու երեխաների աչքի առաջ: Կանայք, որոնք փորձել են փախչել տեղի ունեցածը տեսնելուց հետո, նույնպես գնդակահարվել են: Զոհերի թվում կան երեխաներ՝ ինչպես սպանվածներ, այնպես էլ վիրավորներ»,-հայտնում է տելեգրամյան ալիքը:
Ինջիլի բնակիչները պնդում են, որ սպանված և վիրավորված մարդիկ ուխտագնացություն էին կատարում դեպի շիական «Սեյեդ Մոհամմադ Աղա» սրբատեղի և հանգստանում էին տեղի զբոսայգում:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը:
Ըստ խախարարության պաշտոնական ներկայացուցիչ և մամուլի քարտուղար Աբդուլ Մաթին Քանիի՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր կեսօրից հետո, Աֆղանստանի արևմուտքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


