ԱԷՄԳ-ն պատրաստ է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածությունների ստուգման հարցում. Գրոսի
ԱԷՄԳ-ն պատրաստ է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային էներգետիկային առնչվող պոտենցիալ պայմանավորվածությունների կատարման ստուգման գործում։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap-ին:
Նշվում է, որ Վիեննայում լրագրողների համար ԱԷՄԳ-ի կողմից կազմակերպված սեմինարի ժամանակ համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Գրոսին, մասնավորապես, ասել է. «Գործակալությունում ամենակարևորը ստուգումն է, և մեր մասնակցությունը շատ կարևոր ձևականություն է, որը պետք է առկա լինի: Երբ նրանք պայմանավորվեն և խնդրեն մեզ ստանձնել ստուգումը, ես ստիպված կլինեմ դիմել ԱԷՄԳ կառավարիչների խորհրդին և թույլտվություն խնդրել դա անելու համար»:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին՝ Սեուլ կատարած այցի ժամանակ, Գրոսին կողմերին առաջարկել էր ԱԷՄԳ-ի ծառայությունները՝ գործարքի պայմանների վերիֆիկացման համար։ Ապրիլի 15-ին նա հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններն առանց ստուգման մեխանիզմների կմնան որպես թղթի կտոր։



