Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբին Բաքու կժամանի շաբաթվա վերջին
Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբին Բաքու կժամանի շաբաթվա վերջին։ Այս մասին Turan-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից։
Նրա ժամանումը համընկնում է երկկողմ հարաբերությունների վերջերս տեղի ունեցած լարվածության հետ։ Կադրային դիվանագետ Լիբիի թեկնածությունը հաստատվել է Սենատի կողմից նոյեմբերի սկզբին, նրա նշանակումից մոտ մեկուկես տարի հետո։ Վաշինգտոնն Ադրբեջանում դեսպան չունի անցած տարվա ամռանից, երբ Լի Լիթցենբերգերը հեռացավ այդ պաշտոնից։
Լիբին իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է Բրյուսելում Եվրամիությանն առընթեր ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նա նաեւ աշխատել է որպես քաղաքական խորհրդական Վարշավայում, Նիկոսիայում, Բաղդադում ԱՄՆ դեսպանություններում։ Վաշինգտոնում նա աշխատել է ճգնաժամային կառավարման վարչության փոխտնօրեն պետդեպարտամենտի օպերատիվ կենտրոնում, Կենտրոնական Եվրոպայի գործերի վարչության փոխտնօրեն, Հարավային Եվրոպայի գործերի վարչության տնօրեն, պետդեպարտամենտի քարտուղարության տնօրեն։
Տիրապետում է լեհերենին եւ ֆրանսերենին։