երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանի ՊՆ-ն ճեպազրույց է անցկացրել օտարերկրյա ռազմական կցորդներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար

Ադրբեջանի ՊՆ-ն ճեպազրույց է անցկացրել օտարերկրյա ռազմական կցորդներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար

Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչությունում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար ճեպազրույց է անցկացվել։

Ինչպես նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, ներկաներին մանրամասն տեղեկություններ են ներկայացվել «վերջին օրերին Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, հայկական ապօրինի զինված խմբավորումների եւ Հայաստանի զինված ուժերի մնացորդների գործողությունների ակտիվացման փաստերի մասին»։

Մասնավորապես, հայտարարվել է, որ անթույլատրելի է «Լաչինի ճանապարհի օգտագործումն ապօրինի ռազմական փոխադրումների համար»։ «Ադրբեջանական կողմից որպես այլընտրանք առաջարկված Աղդամ-Խանքենդի (Աղդամ-Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհը ժամանակին կապահովի Ղարաբաղի տնտեսական շրջանում ապրող հայ բնակիչներին անհրաժեշտ ապրանքների փոխադրումը, ինչպես նաեւ կարագացնի նրանց վերաինտեգրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ադրբեջանական կողմը ներկաներին հայտնել է, որ արձանագրվել են փաստեր «նոր սադրանքների պատրաստման նպատակով Ղարաբաղի տնտեսական շրջանում ապօրինի զինված խմբավորումների մարտական դիրքերի ամրացման, նաեւ քաղաքացիական բնակչության զանգվածային զինման, տարբեր նպատակներով ռազմատեխնիկայի, մասնավորապես հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների՝ մի քանի բնակելի թաղամասերում տեղակայման վերաբերյալ»։

«Ընդգծվել է, որ նման սադրիչ գործողությունները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի հետ Հայաստանի պայմանական սահմանի ուղղությամբ ռազմական տեխնիկայի եւ հրետանային կայանների տեղակայմամբ, հանգեցրել են տարածաշրջանում լարվածության աճի։

Հատկապես ընգծվել է, որ անթույլատրելի է հակառակ կողմից Հայաստանում Եվրամիության առաքելության օգտագործումը որպես սեփական հակաիրավական գործողությունների քողարկման եւ միջազգային հանրության մոտ կեղծ կարծիք ձեւավորելու գործիք»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ադրբեջանի ՊՆ-ում նաև ներկաներին ցույց են տվել տեսանյութեր՝ կապված «ճեպազրույցում հիշատակված փաստերի հետ», նաև պատասխանել են հարցերի:

  • Կիսվել: