Աբասը կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան և պաղեստինցիների տեղահանումը Գազայից
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան և պաղեստինցիների տեղահանումը Գազայից, տեղեկացնում է WAFA-ն։
Պաղեստինի նախագահը նաև կոչ է արել անհապաղ բացել հումանիտար միջանցքները դեպի Գազայի հատված՝ ապահովելով դեղորայքի, ջրի, էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումը այնտեղ գտնվող պաղեստինցի քաղաքացիների համար։
Աբասը վերահաստատել է, որ դեմ է երկու կողմերի քաղաքացիական անձանց սպանությանը կամ բռնությանն առնչվող գործողություններին՝ կոչ անելով ազատ արձակել քաղաքացիական անձանց, ձերբակալվածներին և կալանավածներին:
Նա պնդել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության՝ Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցչի, քաղաքականությունը, որը մերժում է բռնությունը և հավատարիմ է միջազգային լեգիտիմությանը, խաղաղ ժողովրդական դիմադրությանը և քաղաքական գործողություններին՝ որպես ազատության և անկախության ազգային նպատակներին հասնելու ուղի։
Ըստ Աբասի՝ անվտանգության և խաղաղության կարելի է հասնել Պաղեստինի ժողովրդին իր օրինական իրավունքների տրամադրման և երկու պետությունների մասին որոշման իրականացման միջոցով, որը պետք է հիմնված լինի միջազգային օրինականության, ժողովրդի ազատության և անկախության և պաղեստինցիների՝ մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով իրենց անկախ պետությունում ապրելու վրա: