1000-ը 1000-ի դիմաց. ՌԴ-ն ու Ուկրաինան գերիներ կփոխանակեն
Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։
«Նախօրեին Միացյալ Նահանգների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով Ուկրաինան ռուսական կողմին է փոխանցել «1000-ի ցուցակը», որը կազմվել է գերության մեջ գտնվելու ժամկետի սկզբունքով։ Բանակցային գործընթացը շարունակվում է»,- նշվում է ուկրաինական շտաբի հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույն օրը հայտնել է ԱՄՆ-ի հետ ունեցած շփումների մասին՝ կապված կարճաժամկետ հրադադարի շրջանակում փոխանակման պայմանավորվածությունների կատարման երաշխիքների հետ։
Մոսկվան և Կիևը ընդունել են Վաշինգտոնի առաջարկը՝ մայիսի 8-11-ը կարճաժամկետ հրադադար հաստատելու վերաբերյալ, որը նախատեսում է յուրաքանչյուր կողմից 1000 ռազմագերի փոխանակել։
Զելենսկին հայտարարել է. «1000-ը 1000-ի դիմաց գերիների փոխանակումը նախապատրաստվում է և պետք է իրականացվի։ Այդ երաշխիքները ստանձնել է ամերիկյան կողմը»։
Նրա խոսքով՝ «Ուկրաինական համակարգող շտաբը ռուսական կողմին է փոխանցել 1000 հոգուց բաղկացած ցուցակները։ Քանի որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամերիկյան միջնորդությամբ, ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն ակտիվորեն կմասնակցի դրա իրականացման ապահովմանը»։


