շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զրոյից էլեկտրոնային գնումների նոր համակարգ ենք ստեղծելու, նման ամբիցիա ենք դրել մեր առաջ. Կարեն Բրուտյան

Զրոյից էլեկտրոնային գնումների նոր համակարգ ենք ստեղծելու, նման ամբիցիա ենք դրել մեր առաջ. Կարեն Բրուտյան

«Մենք ամբիցիա ենք դրել մեր առաջ, որ պետք է ունենանք Հայաստանի կարիքներին համապատասխանող լավագույն էլեկտրոնային գնումների համակարգը», լրագրողների համար կազմակերպված սեմինար քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը` մեկնաբանելով գնումների ոլորտում կատարվող փոփոխությունները:


Նրա խոսքով, տարիների ընթացքում գնումների ոլորտում խնդիրները շատ են եղել, ինչի հետևանքով արդյունավետությունը այդ ոլորտում կաղել է:


«Սեփական սխալների փորձը թերևս ամենալավ գիտելիքն է և այս տարիներին ընթացքում մենք հասկացել ենք՝ որոնք են այն խնդիրները, որոնց հետևանքով արդյունավետության ոչ բավարար մակարդակ է։ Հիմք ընդունելով թե մեր գիտելիքը և թե մեր գործընկերների փորձը տարածաշրջանում, մենք ամբիցիա ենք դրել, որ եթե ոչ աշխարհի, ապա տարածաշրջանի լավագույն էլեկտրոնային գնումների համակարգն ունենանք: Սա ասում եմ ամենայն լրջությամբ։ Բացարձակ նոր համակարգ է ստեղծվելու, և մենք դրա համար ծախսելու ենք զրո դրամ», նշեց Բրուտյանը:


Եվրոպական զարգացման բանկը տարածաշրջանում իրականացնում է էլեկտրոնային գնումների զարգացման ծրագիր, և Բրուտյանի խոսքով, հայկական կողմը դիմել է այդ ծրագրին, ինչի արդյունքում ԵԶԲ-ի հետ այդ ուղղությամբ արդեն պայմանավորվածություն կա:


«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների մտքի ու հնարավորությունների առումով ստեղծված են լավ պայմաններ էլեկտրոնային գնումների նոր համակարգ ստեղծելու համար, և պայմանավորվել ենք Եվրոպական զարգացման բանկի հետ միասին այդ ծրագիրն իրականացնենք ու փորձը ներդնենք այլ երկրներում», -նշեց փոխնախարարը։

  • Կիսվել: