ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կորեայի Անտառային ծառայության նախարար Լիմ Սանգ-Սոպի հետ։
 
«Քննարկեցինք անտառների պահպանության և վերականգնման, անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների դիմակայունության բարձրացման, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 
Կորեան ունի անտառվերականգնման ամենահաջողված օրինակներից մեկը, և վստահ եմ, որ այդ փորձը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Հայաստանի համար՝ մեր երկրում անտառածածկույթի ընդլայնման, դեգրադացված տարածքների վերականգնման և ժամանակակից մոնիթորինգի համակարգերի ներդրման ուղղությամբ։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման ժամանակակից մեխանիզմներին, արհեստական բանականության, արբանյակային դիտարկումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը անտառների կառավարման ոլորտում։ Կարևորեցի այս ուղղություններով փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցության խորացումը։
 
Ակնկալում եմ Կորեայի ակտիվ մասնակցությունը COP17-ին, քանի որ անտառային էկոհամակարգերի պահպանումն ու վերականգնումը Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման առանցքային ուղղություններից են։
 
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի անտառային տնտեսության, գիտության, նորարարական տեխնոլոգիաների և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: