երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վերջին տարիներին շուրջ 75 հանքերի ընդերքօգտագործման լիցենզիաները դադարեցվել են. վարչապետ

Վերջին տարիներին շուրջ 75 հանքերի ընդերքօգտագործման լիցենզիաները դադարեցվել են. վարչապետ

Թեղուտի հանքավայրը գործում է, բայց այնտեղ շատ լուրջ պրոբլեմներ կան: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Թեղուտի ունեցած վարկային ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, և այդ վարկային ծանրաբեռնվածությունը տեղի է ունեցել 2018-ից առաջ: Վարկատու կազմակերպությունը նաև մեր միջամտության և աջակցության և մեր աշխատանքի արդյունքում ստանձնեց Թեղուտի հանքավայրի կառավարումը, բայց այնուհետև այդ կազմակերպությունը հայտնվեց սանկցիաների տակ, և հիմա նաև որոշակի դժվարություններ կան: Թեղուտի հանքավայրի հանքանյութը այդ սանկցիաների պատճառով վաճառվում է ինքնարժեքից ցածր, և ՀՀ-ի այն ակնկալվող շահույթները այնքան չեն, ինչքան պետք է լիներ, և սրանից տնտեսական առողջացման պրոցեսն էականորեն դանդաղում է. այստեղ էլ որոշակի լուծումներ ուզում ենք գտնել»,- ասաց նա:

«Վերջին տարիներին շուրջ 75 հանքերի ընդերքօգտագործման լիցենզիաները դադարեցվել են: Եթե հանք կա, բայց չի շահագործվում, տնտեսությունը չի ստանում օգուտներ, և հանքի լքված վիճակը էկոլոգիական պրոբլեմներ է առաջացնում, մեր մտադրությունն այն է, որ այդ հանքերը վերցնենք նրանցից, ովքեր չեն շահագործում և հանձնենք նրանց, ովքեր կարող են ժամանակակից պայմաններին համապատասխան դրանք շահագործել»,- նշեց վարչապետը:

«Խոստովանում եմ, որ էկոլոգիական ստանդարտներին համապատասխանեցնելու առումով մենք շատ աշխատանք ունենք անելու: Մեծ հաջողություններ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: