հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վերջին երեք տարիներին ռազմարդյունաբերական համալիրում 170 միլիարդ դրամի պատվեր է տեղադրվել. վարչապետ

Վերջին երեք տարիներին ռազմարդյունաբերական համալիրում 170 միլիարդ դրամի պատվեր է տեղադրվել. վարչապետ

Վերջին երեք տարիներին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում տեղադրվել է 170 միլիարդ դրամի պատվեր, ինչի արդյունքում ստեղծվել են տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հանրապետության օրը կայանալիք զորահանդեսի փորձերից իր տեղադրած տեսանյութին, որից պարզ է դառնում, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու է նաև հայկական արտադրության հետախուզա-հարվածային ԱԹՍ։

Փաշինյանի խոսքով՝ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է դիտարկել որպես զարգացող պետության բնական գործընթաց։

«Ես կարծում եմ, որ գնահատականների մեջ մենք պետք է հնարավորինս պաթոսից դուրս գանք, որովհետև պետք է հասկանանք, որ դա զարգացող պետության համար սովորական երևույթ է»,- հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերական ոլորտում իրականացված պատվերների արդյունքում ստեղծվել են նոր արտադրություններ։

«Վերջին երեք տարիներին Հայաստանում 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում, տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ են ստեղծվել, որոնք արտադրանք են թողարկում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել մայիսի 28-ին ներկա գտնվել Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառմանը։

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու համար, որ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր որակի, նոր մակարդակի և նոր տրամաբանության բանակ»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր էր հրապարակել մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձերից։ Տեսանյութերից մեկում ցուցադրվել էր հայկական արտադրության հետախուզահարվածային անօդաչու թռչող սարք, իսկ մյուսում՝ հավանաբար, ֆրանսիական CAESAR հրետանային համակարգերը։

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսի ընթացքում ցուցադրվելու է վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։

 

  • Կիսվել: