կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վերամշակող կազմակերպությունների համար մեծ հնարավորություններ է ստեղծվում

Վերամշակող կազմակերպությունների համար մեծ հնարավորություններ է ստեղծվում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ փուլի ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթի վերաբերյալ աշխատաժողով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ ծրագիրը հիանալի հնարավորություն է վերամշակող կազմակերպությունների համար:

 

«Մեր վերամշակող կազմակերպությունները կկարողանան վերազինել իրենց արտադրական կարողությունները և ներդնել սննդի անվտանգության միջազգային ճանաչում ունեցող համակարգեր: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հաղթողի տրամադրվելու է 4-25 մլն դրամ որպես դրամաշնորհ՝ 50 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով: Դրանով նրանք կկարողանան մեծացնել արտադրական ծավալները և բարձրացնել որակը»,- նշեց Խոջոյանը:

Ծրագրին կարող են մասնակցել կաթ, միրգ և բանջարեղեն վերամշակող կազմակերպությունները, ինչպես նաև բուսական թեյեր, հատապտուղներ, անասնակերեր արտադրող կազմակերպությունները:

Արժեթղթերի զարգացմանն ուղղված ենթածրագրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

2020 թվականին նախատեսվում է, որ առնվազն 20 ընկերություն կճանաչվի հաղթող և կֆինանսավորվի:

  • Կիսվել: