Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ
Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Այն օտարերկրացիները, ովքեր կունենան Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ, կունենան փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում կանեն ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումներ՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք դրամի չափով:
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հիմք կարող է ծառայել նաև գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունենալը և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ հանդիսանալը, հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, որը կարող է կիրառվել ի շահ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոններում մրցանակային տեղեր զբաղեցնելը, նորարարական-փորձարարական նախագծեր իրականացնելը և էական արդյունքներ գրանցելը, հայապահպանությանը նպաստելը կամ ի շահ Հայաստանի Հանրապետության գործելը:
Առողջապահական բնագավառում էլ հիմք կարող է ծառայել ` դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը կամ առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելը, ռազմական դրության պայմաններում օտարերկրացի բուժաշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը: