ՏԿԵ նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են Հայաստանի համար Չաբահար նավահանգստի ընձեռած հնարավորությունները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարը։
Գնել Սանոսյանը շնորհակալության է հայտնել դեսպանին` հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերը համատեղ քննարկելու հնարավորության համար։

Կիշան Դան Դեվալը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և վստահեցրել, որ կներդրվեն բոլոր ջանքերն առկա համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ։
Դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով, և ուրախ կլինի քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում այս ուղղությամբ հաջողություն գրանցած բավականին մեծ ընկերություններ կան, որոնք կարող են մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող ծրագրերին։
