Տավարաբուծության զարգացումը խթանող նոր ծրագիր. Կառավարությունը կսուբսիդավորի տոհմային կենդանիների արժեքի 50 տոկոսը
Տավարաբուծության զարգացմանը խթանելու նպատակով կառավարությունը ծրագիր է մեկնարկում․ տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում պետությունը կհատուցի արժեքի 50 տոկոսը, իսկ վարկային միջոցներով ձեռքբերման դեպքում կսուբսիդավորի նաև տոկոսադրույքն՝ ամբողջությամբ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ ծրագիրը միտված է տավարաբուծության զարգացմանը և գյուղացիական տնտեսությունների արտադրողականության բարձրացմանը։
«Լավ լուր այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են զբաղվել տավարաբուծությամբ․ տոհմային կենդանիներ ձեռք բերելու դեպքում Կառավարությունը կսուբսիդավորի արժեքի 50 տոկոսը»,- նշել է Պապոյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վարկային միջոցներով ձեռքբերման դեպքում Կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի նաև վարկի տոկոսադրույքը։ Միաժամանակ, ծրագրի շրջանակում շահառուները առաջին մեկուկես տարվա ընթացքում մայր գումարի մարում չեն իրականացնի, և այն կսկսվի միայն մեկուկես տարի անց։
Պապոյանը հայտնել է նաև, որ ծրագրով հնարավոր կլինի ձեռք բերել մեկից մինչև 1000 տոհմային կենդանի, իսկ յուրաքանչյուր կենդանու համար սահմանված առավելագույն արժեքը կազմում է մինչև 1 միլիոն դրամ։
Ծրագիրը թույլ է տալիս կենդանիներ ձեռք բերել ինչպես Հայաստանի ներքին շուկայից, այնպես էլ ներմուծման միջոցով։



