Սյունիքում վարչապետն ախտահանեց 93-ամյա տատիկի ձեռքերը և նրան սուրճ հյուրասիրեց
Ինչպես արդեն հաղորդել էինք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ, հանդիպել բնակիչների հետ։
Վարչապետը Ծղուկ համայնքում գյուղացիների հետ քննարկել է արոտավայրերի, մսի և կաթի մթերման հետ կապված հարցեր, ինչի առնչությամբ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին։
Ծղուկի բնակիչները նշել են, որ հողի խնդիր ունեն․ համայնքի շրջակայքի հողերը վարձակալության են տրվել, իսկ 30-40% աճող անասնապահություն ունեցող գյուղում անասնապահությամբ զբաղվողներն արոտավայրերի խնդիր ունեն։ Նրանց խոսքով՝ իրենք արոտավայր են սարքել վարելահողերը, իսկ խնդիրը կլուծվի, եթե վարելահողերի վարձակալությունը վերադարձվի։
Նշենք, որ վարչապետին Ծղուկում, ի թիվս այլ բնակիչների, դիմավորելու էր եկել նաև 93 տարեկան մի տատիկ։ Վարչապետը նրա ձեռքերն ախտահանեց, ձեռքով բարևեց ու սուրճ հյուրասիրեց։
Նիկոլ Փաշինյանը Անգեղակոթ համայնքի մուտքի մոտ բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացավ, որ 2021-ին երկու փուլով կնորոգվի 16 կմ-անոց ճանապարհահատվածը։
Սյունիք այցից հետո, ինչպես արդեն հաղորդել ենք, վարչապետը մեկնեց Արցախ: