հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Սյունիքի Շաքի գյուղի մոտ մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի. Կներգրավվի 10 մլն վարկ, 2 մլն դրամաշնորհ

Սյունիքի Շաքի գյուղի մոտ մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի. Կներգրավվի 10 մլն վարկ, 2 մլն դրամաշնորհ

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին:

Դրամաշնորհային համաձայնագիրը 2 մլն եվրո արժողության է: Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ նախատեսված են 5 ուղեգիծ և 2 կշեռք՝ 100 տոննա կշռողությամբ: Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորումով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթեր ընթերցող սարքերով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով, ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սաքավորումներով, բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն:

Կենտրոնի կառուցումը նախատեսվում է Հայաստանի համար ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի 4-րդ ուղենիշով:

  • Կիսվել: