երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շրջակա միջավայրին հասցվել է 4 մլրդ դրամից ավելի վնաս. տեսչական մարմինն ամփոփում է 2023 թվականը

Շրջակա միջավայրին հասցվել է 4 մլրդ դրամից ավելի վնաս. տեսչական մարմինն ամփոփում է 2023 թվականը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար 2023 թվականը ծանրաբեռնված տարի է եղել։ Նախորդ տարի ավելացել է ընդհանուր ստուգումների թիվը։ Եթե 2022 թվականին տեսչական մարմնի կողմից կատարվել է 267 ստուգում, ապա 2023-ին՝ 292։ Դրանց թվում և ծրագրային և արտածրագրային ստուգումներն են։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ այս ցուցանիշը խոսում է տեսչական մարմնի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության մասին։

«Հմտություններն են կատարելագործվել, տեխնիկական հագեցվածությունն է ապահովվել, նոր տեխնոլոգիաներ են կիրառվել և այլն։ 2024 թվականին ստուգումների նոր նշաձող ենք սահմանում, ավելի շատ ստուգումներ են լինելու։ Իմ հորդորն է մեր քաղաքացիներին՝ հետևել բնապահպանական ոլորտում օրենսդրությամբ սահմանված նորմերին, առաջնորդվել այն սկզբունքով, որ մեզնից յուրաքանչյուրը դառնա բնապահպան»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

2023 թվականին կատարված ստուգումների համատեքստում տեսչական մարմինն առանձնացրել է առավել ռիսկային ոլորտները։ Մասնավորապես՝ ընդերքօգտագործման ոլորտում կատարվել է 78 ստուգում, ջրօգտագործման ոլորտում՝ 61, արտադրության ոլորտում՝ 58, շինարարության ոլորտում՝ 34 և այլն։ Ստուգումների և վարչական վարույթների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 2483 իրավախախտման դեպք։ Կայացվել է վարչական տույժի 1114 որոշում, կիրառվել է վարչական տույժ՝ 135 մլն 200 հազար դրամի չափով։ Պետությանը պատճառած վնասի չափը կազմում է 4 մլրդ 882 մլն դրամ, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում ջրային ռեսուրսների, ընդերքօգտագործման, բուսական և կենդանական աշխարհի ոլորտներին։

«Հանքարդյունաբերության ոլորտում հիմնական խախտումները նախագծային պայմանները չպահպանելն է։ Արդյունքում՝ իրականացնում են ընդերքօգտագործման տարածքից դուրս արդյունահանում։ Հաճախ են ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը։ Տնտեսվարողն այդ տարածքն օգտագործելու լիցենզիա չունի, բայց այդտեղ աշխատանքներ է կատարում։ Ինչ վերաբերում է ջրօգտագործման ոլորտին, ապա հաճախ հանդիպում ենք ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտումներ։ Օրինակ՝ հաշվիչները կապարակնքված չեն լինում, թույլ տրված չափից ավելի ջուր են օգտագործում։ Եղել են դեպքեր, որ նույնիսկ ջրօգտագործման թույլտվություն չեն ունեցել, ինչի արդյունքում մենք տնտեսվարողի գործունեության կասեցման որոշում ենք ունեցել»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

  • Կիսվել: