շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շնող խոշորացված համայնքն արդեն գազաֆիկացված է

Շնող խոշորացված համայնքն արդեն գազաֆիկացված է

Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերն այլևս գազաֆիկացված են։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը: Երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը անահասանելի երազանք է եղել տեղի բնակիչների համար․ բնակավայրերը գազաֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։ 

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է գտնվել կապույտ վառելիքի՝ բնակավայրեր մուտք գործելուն նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Նա շնորհավորել է բնակիչներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Շնող խորոշացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի տնօրինությանը այս չափազանց կարևոր ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է ծրագրի ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական կարևորությունը․

«Բնակավայրերի գազաֆիկացումը ոչ միայն հնարավորություն կտա բնակիչներին ավելի քաղաքակիրթ ձևով լուծելու իրենց կենցաղային խնդիրներն, այլև զերծ կպահի տարածաշրջանը անտառահատումներից»,-ասել է Ա․ Խաչատրյանը։

Շնող խոշորացված համայնքի գազաֆիկացման ծրագիրն իրականացվել է սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն մլն դրամ (որից 142.8 մլն` պետական ներդրում, 95.2 մլն-ը` համայնքային):

Արդյունքում Թեղուտ և Քարկոփ վարչական շրջանների բոլոր՝ շուրջ 300  և Շնող վարչական շրջանի 45 տնտեսություններ գազաֆիկացման հնարավորություն ունեն: Ծրագրի շահառու է շուրջ 1400 մարդ:

Մարզի ղեկավարն այցի շրջանակներում եղել է նաև բնակավայրերի դպրոցներում՝ խոստանալով առկա հնարավորությունների սահմաններում աջակցել կրթօջախները գազաֆիկացնելու և լոկալ ջեռուցման համակարգերով ապահովելու հարցում։

  • Կիսվել: